Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

17:49 • 20.12.12

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 


ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել տիկին Զեհեին համագործակցության և կատարած աշխատանքի համար` նշելով, որ 2008 թվականից նա նպաստել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի ծրագրերի իրականացմանը՝ ներդրում ունենալով ժողովրդավարության, մարդու իրավունքների ու այլ ոլորտներում բարեփոխումների գործընթացում:


ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցությունը, այն գնահատելով գերազանց և արդյունավետ:


Նրա խոսքով, այս տարիների ընթացքում Հայաստանի խորհրդարանը ընդունել է մի շարք կարևոր օրենքներ, որոնք նպաստել են ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանը և խորացմանը, մասնավորապես Ընտրական օրենսգիրքը, «Զանգվածային լրատվության մասին» օրենքը և այլն:


Նա կարևորել է նաև ԵԽԽՎ-ԱԺ փոխգործակցությունը` նշելով, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը արդյունավետ և կառուցողական գործունեություն է իրականացնում:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: