Մոսկվայում հայազգի գործարարը պատվիրել է հայ գործընկերոջ սպանությունը. այն կանխելու համար ձևացրել են «սպանվողի» մահը
Մոսկվայում դեկտեմբերի 19-ին ձերբակալվել է «Ինպրոֆստռոյ» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Ալեքսանյանը, ով պատվիրել է իր նախկին գործընկեր Արմեն Շահինյանի սպանությունը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Коммерсантъ թերթին։
Սպանությունը կանխելու համար քրեական հետախուզության (ՔՀ) աշխատակիցները ձևացրել են Շահինյանի մահը՝ համապատասխան շպարի միջոցով։
Պատրաստվող սպանության մասին ՔՀ աշխատակիցներն իմացել են 2012թ. սեպտեմբերին։ Ինչպես պարզ է դարձել խուզարկուներին, Ալեքսանյանը սպանությունն իրականացնողին գտնելը հանձնարարել է ՊՆ նախկին սպա Վլադիմիր Տումանովին, ով կապեր է ունեցել հանցավոր աշխարհի հետ։ Սպանության կազմակերպման համար Ալեքսանյանը նրան խոստացել է 3,5 մլն ռուբլի։
ՔՀ աշխատակիցները հանդիպել են Տումանովի հետ իբրև հանցավոր խմբավորման անդամներ և խոստացել սպանել Շահինյանին 2 մլն ռուբլու դիմաց։ Միևնույն ժամանակ, նրանք տեղեկացրել են Շահինյանին սպասվող հարձակման մասին։
Դեկտեմբերի սկզբին հետախուզության աշխատակիցները կազմակերպել են Շահինյանի առևանգումը ռեստորանից, որի մասին հայտնել են Հովիկ Ալեքսանյանին։ Այնուհետև նրան շպարել են որպես դիակ։ Դեկտեմբերի 11-ին «դիակի» լուսանկարները փոխանցվել են Ալեքսանյանին։ Տումանովն ու Ալեքսանյանը ձերբակալվել են գումարը փոխանցելու պահին։
Նրանց ներկայացված մեղադրանքների առավելագույն պատժաչափը ցմահ բանտարկությունն է։ Տումանովը և Ալեքսանյանը ձերբակալվել են դեռևս 2 ամսով։
Արմեն Շահինյանը «Կրիսմար» ընկերության խմբի տնօրենների խորհրդի նախագահն ու սեփականատերն է։ Ալեքսանյանը Շահինյանի գործընկերն էր, սակայն 2012թ. ամռանը նրանց միջև տարաձայնություններ են առաջացել Ձերժինսկ քաղաքի գործարանի պատճառով։










