ՀՀ նախագահի պատմական առաքելությունը 2013-2018 թթ. ըստ Արմեն Աշոտյանի
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր անձնական էջում այսօր գրառում է կատարել, որով անդրադարձել է 2013-2018 թվականներին Սերժ Սարգսյանի պատմական առաքելությունը:
«Վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի կառավարման երկրորդ ժամկետը լինելու է վճռական բարեփոխիչ քայլերի, երկրում խորքային մտածելակերպային և լրջագույն ինստիտուցիոնալ փոփոխությունների ժամկետ»,- գրել է Արմեն Աշոտյանը և հավելել.« Բեկումնային փոփոխությունների նման հնարավորություն Հայաստանը կարող է այլևս չունենա»։
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման նախորդ տարիներին: Դրանք բնութագրվում են որպես տարիներ, երբ իշխանություններից պահանջվում էր «ճգնաժամային կառավարչի» հմտություններ՝ միտված իրավիճակի կայունացմանն ու տարաբնույթ ազդակների հանդեպ երկրի դիմացկունության և դիմադրողականության աստիճանի բարձրացմանը:
Այս համատեքստում նաև հավելում է.«Քաղաքական տեխնոլոգներին հայտնի է, որ նախընտրական կարգախոսները կարևոր մոբիլիզացիոն ազդեցություն ունեն քաղաքացիների համար:
Սակայն դրանք կախարդական բառեր չեն, որոնք արտասանելիս միանգամից իրավիճակ են փոխում երկրում:
Իրականում դա խտացված գաղափարաբանություն է, տեսլական, նշանակետ և ուղենիշ, որը կյանքի կոչելու համար հարկավոր է երկար ու ձիգ տարիների աշխատանք»:










