Երևանում փողոցների մաքրմանը զուգահեռ հեռացվում են տանիքների ձյունն ու սառցաբեկորները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ փողոցներում ու մայթերում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ , ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, իրականացվում է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական նշանակության շենքերի ու շինությունների տանիքներից ձյան և կախված սառցաբեկորների հեռացման գործընթացը:
Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, խնդիրն անցորդների անվտանգ անցուդարձի ապահովումն է, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը, ցած թափվելով, կարող են պոտենցիալ վտանգ սպառնալ մարդկանց կյանքի և առողջության համար:
Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում են Արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական ծառայությունը, համատիրությունների աշխատակիցները, ճանապարհային ոստիկանությունը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները:
Բոլոր դեպքերում քաղաքացիների խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշավորություն և հնարավորին խուսափել շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ անցուդարձ կատարելուց:










