Ընդդիմության նախագահի թեկնածու կարող է լինել Րաֆֆի Հովհաննիսյանը. Ռուբեն Հակոբյան

13:26 • 20.12.12

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը տեսականորեն հնարավոր է համարում, որ ընդդիմությունը կարող է համախմբվել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: 


«Իհարկե, դա ես չպետք է ասեի, բայց ես դիտում եմ, որ այսօրվա դաշտում իր բարոյական նկարագրով, իր թողած հետագծով, իսկապես, Րաֆֆի Հովհաննիսյանն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի դառնա միասնական թեկնածու ընդդիմության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։


Ըստ պատգամավորի՝ այսօր քաղաքական որոշ ուժեր իրենց նույնիսկ համագործակցության առաջարկություն են անում այդ հարցում։


«Այսօր կան քաղաքական ուժեր, որ իրենք են մոտեցել և ասում են, որ ուզում են համագործակցել և առաջիկա նախագահական ընտրություններում որոշակիորեն համագործակցության առաջարկություն են անում»,- ասաց նա և ավելացրեց, որ այսօր ընդդիմությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի ընդդիմադիր զանգվածին կարողանա հավաքել իր շուրջը:


«Դա ավելի ճիշտ կլինի, պրակտիկ և քաղաքական առումով ճիշտ, եթե ընդդիմությունը համագործակցի և կարողանա պահել ընդդիմադիր դաշտն իր շուրջ»,- ասաց նա:


Ավելին՝ «Ժառանգության» խմբակցության ղեկավարը 1996թ-ի հոտ է առնում, երբ բոլոր ուժերը համախմբվեցին և հանդես եկան մեկ թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի շուրջ, ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի:


«Ես մի քիչ 1996-ին հոտն եմ զգում, որ կա: Չի բացառվում, որ այնպիսի զարգացումներ լինեն, որ բացարձակապես փոխեն իրավիճակը՝ 1996-ի ազգային համաձայնության համաձայնագիրը: Որևէ մեկը չէր կասկածում Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի վրա, և 12 օրվա ընթացքում շրջադարձ եղավ»,- ասաց նա և բացատրեց, որ ինչպես այսօր, այն ժամանակ էլ քաղաքական դաշտը կայացած չէր:


«Ճիշտ այն ժամանակ էլ թվում էր՝ չկար վառ անհատականություն: Ոչ ոք չէր մտածի, (Պարույր – Tert.am) Հայրիկյանը Վազգեն Մանուկյանին առավելություն կտար: Բայց լուրջ մարդիկ էին և համախմբվեցին: Կարողացանք այնպիսի ձևաչափ ընտրել, որ համոզեց հասարակությանը»,- նշեց նա:


Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան էլ աչքի չի ընկնում իր խարիզմատիկ կերպարով և հաճախ, ինչպես վերջին անգամ «Ազատ դեմոկրատների» դեպքում էր, խաբվում է, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց՝ ասելով, թե դա «ճաշակի հարց է» և շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընթացքում, ի տարբերություն մյուս ուժերի գործել է բաց, առանց ստվերային քաղաքականության և նախընտրել ազնվությունը: