Եվրոպան Հայաստանին հասկացնում է, որ փող չուզենք. Ստյոպա Սաֆարյան

14:17 • 20.12.12

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցով ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ամիսներ առաջ վարչապետի ու նախարարների հետ նախագահի անցկացրած խորհրդակցությունը հնարավոր է՝ նպատակ ուներ ինչ–որ բան ցույց տալ Եվրոպային:


«Եվրոպան Հայաստանին հասկացնում էր, որ «մեզանից փող մի ուզեք: Գնացեք ձեր բյուջեն վերահսկեք»: Նրանք ասում էին՝ «ինչ իմաստ ունի ձեզ փող տալ, եթե ձեր ունեցածն եք վատնում»: Այդ ամենը մասկարադ շոու էր: Դրա համար է, որ այսօր մենք արդյունքները չենք տեսնում»,- ասաց նա:


Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ նախագահի ու Կառավարության անդամների հանդիպումը, որի ընթացքում խոսք գնաց «ատկատների» մասին, նախընտրական քայլ էր:


«Դա արվեց ոչ նրա համար, որ խորհրդարանական ընտրություններից հետո հավատացել ու փոխվել էին, քանի որ հինգ ամիսների ընթացքում մենք այդպես էլ փոփոխություն չտեսանք: Սա նաև համակարգի ներսում մոնոլիտը պահելու միջոց էր»,– ասաց նա։


«Ինչպես Կառավարությունում, այնպես էլ նախարարություններում ունեցած հանդիպումներին նախագահի խոսքում մի հաղորդագրություն կար՝ լքեք համակարգը խիստ կպատժվեք: Սա պոտենցիալ փախստականներին սպառնալու համար էր»,- մեկնաբանեց «Ժառանգության» անդամը:


Միաժամանակ Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ այդ ժողովներից հետո, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել փողերի լվացման համար:


Անդրադառնալով առաջիկա ընտրություններին և ընտրակաշառքներին, նա նշեց, որ տեղեկություններ ունի, որ մարզերում արդեն «եռուզեռ է սկսվել»:


«Այս անգամ խոսքը 20 հազարի մասին է: Մարդկանց նաև խոսք են տալիս, որ կմարվեն իրենց աղբի վարձը, բնակարանի վարձը և այլն: Այսինքն` օգտագործվում են պետական միջոցները: Եվ, իրականում, չես իմանա պարտքդ մարվեց, թե՝ ոչ:
Բոլոր մարդկանց բոլոր ոլորտներում հանձնարարություն է տրված՝ ձայն բերել»,- ասաց նա: