Մաշտոցի պուրակում Թեղուտի գործով նոր բացահայտումներ կներկայացվեն
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում դեկտեմբերի 21-ին՝ ժամը 13.օօ-ին, հավաքվել Մաշտոցի պուրակում, որտեղ նախաձեռնությունը խոստանում է ներկայացնել Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ ACP ընկերության կողմից կատարված «մեքենայությունների և ապօրինությունների» մասին։
«Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ բացահայտվել են նոր մեքենայություններ ու ապօրինություններ, որոնք իրականացրել է ACP ընկերությունը` ՀՀ պետական մարմինների թողտվությամբ: Մեր գնահատմամբ տեղի է ունեցել քրեական հանցագործություն, որի բացահայտման համար Հատուկ քննչական ծառայությունը պետք է հարուցի քրեական գործ։
Կոչ ենք անում գիտակից հանրությանը թույլ չտալ մեր երկրի ընդերքի ապօրինի շահագործումը և մասնակցել մեր կյանքին վերաբերող կարևորագույն որոշումների կայացմանը»,– ասվում է նախաձեռնության հայտարարությունում:
Մաշտոցի պուրակի քաղաքացիական ամբիոնից Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամները կներկայացնեն առկա իրավիճակը, ապօրինությունների բացահայտումները և կծանոթացնեն առաջիկայում նախատեսված գործողություններին:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը նաև ներկայացնելու է նախաձեռնության մանիֆեստը և Թեղուտի պայքարի սկզբունքները:
Մաշտոցի պուրակից այնուհետև հավաքվածները կկազմակերպեն երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ Հատուկ քննչական ծառայությանը հրապարակավ կտրամադրվեն նոր ձեռք բերած փաստերը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Հայտարարությունում նաև նշվում է, որ թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության առաջնահերթ նպատակներն են՝ դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը, վերականգնել պատճառված վնասը, պատասխանատվության ենթարկել անօրինական որոշումների համար պատասխանատու պաշտոնյաներին և մասնավոր ընկերության ներկայացուցիչներին, ովքեր մասնակից են եղել Թեղուտի հանցավոր ծրագրի իրականացմանը և վերացնել կոռուպցիան հանքարդյունաբերական ոլորտում։










