Ճապոնացուն ազատազրկել են 22 ցենտանոց գողության համար
Ճապոնական դատարանը 8 ամսվա ազատազրկման է դատապարտել մի ճապոնացու, որը 10 յեն՝ 22 ցենտ էր գողացել տաճարի նվիրատվությունների արկղից, հայտնում է Courier Mail-ը:
Գողությունը Մասաֆումի Ցուրուհարան կատարել էր Ճապոնիայի արևմուտքի Ուակայամա քաղաքի Կոնգու-բուջի տաճարում: Նա ի սկզբանե դատապարտվել էր 20 ամսվա ազատազրկման:
Ազատազրկված ճապոնացին նախնական վճիռը բողոքարկել էր և հայտնել, որ դրամը ոչ թե վերցրել է, այլ պարզապես խաղացել է դրա հետ: Դրանից հետո դատարանը որոշել էր, որ 20 ամիսը «ծանր դատավճիռ է»:
Դատավորը, սակայն, նկատել էր նաև. «Եղածը 10 յեն է, բայց, այնուամենայնիվ, դա կանխիկ գումար է: Դրդապատճառը եսասիրական է: Նրա քրեական պատասխանատվությունը չի կարող թեթև լինել»:
Ճապոնական օրենքներով՝ գողության համար մինչև 10 տարվա ազատազրկում է հասնում:










