Հայկական պատվիրակությունը այցելել է Աջարիայի Գերագույն խորհուրդ
Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բաթումի արվարձան Չակվի ավանում հանգրվանած Աջարիայի Ինքնավար հանրապետության Գերագույն խորհուրդ, ուր հանդիպում է ունեցել Աջարիայի ԳԽ նորընտիր նախագահ Ավթանդիլ Բերիձեի հետ:
Պատվիրակությանն ուղեկցել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, ողջույնի խոսքերին հետևել է հայ-աջարական կապերին, Աջարիայի հայ համայնքի կյանքին, ԳԽ գործունեությանն առնչվող մտքերի փոխանակում: Վազգեն Սրբազանը կարևորել է հայ համայնքի դերը ինքնավար հանրապետության կյանքում, պատմել Բաթումի հայկական եկեղեցու վերականգնման և նրա առջև ներկայումս ծառացած խնդիրների մասին:
ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ Ավթանդիլ Բերիձեն քննարկել է Աջարիայում զբոսաշրջության նոր տեսակների զարգացման հետ կապված հարցերը, որոնք էլ ավելի մեծ խթան կտան Հայաստանից Աջարիա զբոսաշրջիկների ավելի մեծ քանակի ժամանմանը:
Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, մշակույթի, և տնտեսության ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացման շուրջ:










