Air Berlin-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Թաիլանդում

09:15 • 21.12.12

Այս գիշեր Թաիլանդի հարավ-արևմտյան մասում գտնվող Փհուկետ քաղաքի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել գերմանական Air Berlin ավիաընկերության Airbus A330 օդանավը՝ շարժիչներից մեկի անսարքության պատճառով, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով AFP -ին։

 

Օդանավակայանի տնօրեն Փրաթհուանգա Սորնկհոմի խոսքով՝ Փհուկետ-Աբու Դաբի չվերթն իրականացնող օդանավում գտնվել է 249 մարդ։ Թռիչքից մեկ ժամ անց օդաչուն հաղորդել է ձախ շարժիչի անսարքության մասին և վայրէջքի թույլտվություն խնդրել Թաիլանդի օդանավակայանում։

 

Թռիչքուղու հետ ուժեղ բախման հետևանքով օդանավի անվադողերից մեկը պայթել է։

 

Գործակալության տվյալների համաձայն՝ ուղևորներից ոչ ոք չի տուժել։

Թաիլանդի իշխանությունները հետաքննություն են սկսել։