Ֆինանսների նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ նախարարությունում տեղի ունեցած «ծեծկռտուքի» առիթով

19:21 • 21.12.12

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, ուր ներկայացվում է նախարարությունում տեղի ունեցած վիճաբանության մանրամասները։


Նշենք, որ 168.am կայքը տեղեկություն էր տարածել, որ այսօր՝ ժամը 12-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Բանը հասել է ծեծկռտուքի, որին ստիպված են եղել միջամտել անգամ վարչության պետերն ու նախարարի տեղակալները։


Ստորև ներկայացնում ենք ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումը։

«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, համաձայն որի ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել «ծեծկռտուք», չի համապատասխանում իրականությանը:

Նախարարությունում ընդամենը տեղի է ունեցել վիճաբանություն երկու աշխատակիցների միջև, որոնցից մեկը` իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Արմեն Բադալյանը, նախկինում նման վիճաբանություն հրահրելու համար արդեն իսկ ենթարկվել է կարգապահական տույժի:

Հաշվի առնելով նշված հանգամանքը, ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի քննարկմանը, որպեսզի վերջինս տա իր համաձայնությունը` «ՀՀ քաղծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն Արմեն Բադալյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու համար»: