Gangnam style-ի 1 000 000 000 դիտումն ու «աշխարհի վերջը»
Եվ այսպես. վերջին ամիսներին համացանցում կայծակնային արագությամբ համաշխարհային տարածում գտած արտառոց անվամբ տեսահոլովակը՝ հարավկորեացի կատարող PSY-ի Gangnam Style-ը գրանցեց ռեկորդային 1 մլրդ դիտում YouTube կայքում:
Տեսանյութը, որ հիրավի կարելի է ֆենոմենալ անվանել, լրատվամիջոցների կողմից որակվել է որպես «Youtube-ի թագավոր»՝ դառնալով ռեկորդակիր մի քանի «անվանակարգերում»։
Gangnam Style-ը կասեցրեց մեր օրերի նորահայտ գերաստղ, դեռահասների սիրեցյալ մանչուկի՝ Justin Bieber-ի հաղթարշավը. վերջինիս Baby ft. Ludacris սինգլը դիտել են 813 մլն անգամ, ինչին, ի դեպ, արդեն նախկին «անհասանելին» կարողացել է հասնել 2.5 տարուց ավել ժամանակում. Այն YouTube է ներբեռնվել 2010թ. փետրվարի 19-ին:
Այպիսով, Gangnam Style-ը դարձավ Youtube-ի ստեղծման օրից ի վեր բոլոր ժամանակների աշխարհի ամենաշատ դիտված տեսանյութը: Ընդ որում, որ ոչ պակաս կարևոր է, դա հաջողվեց անել չորս ամսից մի փոքր ավել ժամանակահատվածում։ Դա նոյեմբերի վերջն էր։
Մինչ այդ՝ օգոստոսի վերջին, տեսանյութը հասցրել էր դառնալ «ամենասիրվածը» YouTube-ում՝ լայքերի քանակով՝ 2.2 մլն և այդ արդյունքի համար գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։
Հիմա, իհարկե, այդ ցուցանիշը գերազանցել է 6 մլնի սահմանը։
Իսկ 1 մլրդ դիտումների իր ցուցանիշը տեսանյութը գրանցեց ռեկորդային՝ 5 ամսից մի փոքր ավել ժամանակահատվածում ժամկետում:
Ո՞րն է, վերջապես, ծիծաղ, հաճախ զարմանք, երբեմն հիացմունք, ոմանց մոտ զայրույթ, իսկ շատերի մոտ տարակուսանք հարուցող այս հակասական տեսահոլովակի իմաստը ու հաջողության գաղտնիքն, ի վերջո:
PSY-ը հարավկորեացի երգիչ, երգահան, ռեպեր, պարի վարպետ և պրոդյուսեր Park Jae-sang-ի բեմական կեղծանունն է: Նա ծնվել է 1977թ. դեկտեմբերի 31-ին Հարավային Կորեայում և այնտեղ հիմնականում հայտնի է եղել որպես հումորային տեսանյութերի և բեմական ներկայացումների հերոս: Սակայն նրան հիրավի համաշխարհային ճանաչում բերեց Gangnam Style անվամբ «ստեղծագործությունը»:
Gangnam Style-ը կորեական նորաբանություն է, որը վերաբերում է Սեուլի՝ մոտ կես միլիոն բնակչություն ունեցող խիստ զարգացած Gangnam շրջանի կենսակերպին և բարքերին: Gangnam շրջանում ապրողները պճնված են, կոկիկ և ներկայանում են որպես բարձր դասի ներկայացուցիչ: Այս կենսակերպը «քարոզող» տեսանյութում բառացիորեն ամեն ինչ՝ երգի ռիթմը, պարային շարժումները, բառերը և հոլովակի ոճը բացարձակապես հեռու են բարձրաճաշակ «գլամուրի» այս պատկերացումներից: Իրականում, ինչպես հեղինակն է նշել իր հարցազրույցներից մեկում, այս ձևաչափով նա ցանկացել է ծաղրել այն մարդկանց, ովքեր «իրենց ձև են տալիս», թե ապրում են այս բարձրաշխարհիկ ապրելակերպի կանոններով և մեծ ճիգեր են գործադրում՝ ներկայանալու որպես մի կերպար, որից հարյուրավոր կիլոմետրեր հեռու են:
Երգում խոսվում է նաև «իդեալական ընկերուհու մասին, ով գիտի իր «շրջանակները», թե երբ է պետք լինել զուսպ և երբ է պետք խենթանալ»: Կրկներգում օգտագործվող «օppan Gangnam style» արտահայտությունը, որն ամերիկյան Yale համալսարանի Մեջբերումների գրքի 2012թ. լավագույն ցիտատների թվին է դասվել, թարգմանաբար մոտավորապես հնչում է այսպես՝ «մեծ եղբայրը Gangnam ոճի մեջ»: Օppa-ն կորեական արտահայտություն է, որն օգտագործվում է հիմնականում իգական սեռի ներկայացուցիչների կողմից՝ որպես արական սեռի ավագ ընկերոջը կամ մեծ եղբորը դիմելու ձև (հայերենի «հոպար» բառի հետ համահունչությունը, հուսով ենք, երգի հայկական նախահիմքերի մասին ասեկոսեների տեղիք չի տա):
Աշխարհի ավելի քան 30 երկրներում՝ այդ թվում Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում տեսահոլովակը գրավում է առաջին տեղը դիտումների քանակով: Այն դարձել է շատ խմբերի և կազմակերպությունների համար ծաղրերգության ներշնչանք. դրանց թվում են Աֆղանստանում Բրիտանական ուժերի հեռահաղորդակցության ծառայությունը, NASA Ամերիկյան տիեզերական գործակալությունը, Հյուսիսային Կորեայի կառավարությունը:
Արագորեն տարածվելով և ժողովրդականություն ձեռք բերելով՝ տեսանյութի հայտնի պարը հետագայում կատարեցին գործարար և քաղաքական աշխարհի տարբեր կարկառուն ներկայացուցիչներ, այդ թվում Google-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը, Ավստրալիայի նախկին վարչապետ Քեվին Ռուդը, Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուար Բան կի Մունը: Վերջինս 2012թ հոկտեմբերի 23-ին երգչի հետ հանդիպման ժամանակ նույնիսկ ցանկություն է հայտնել համագործակցել նրա հետ:
Հիմա միայն մի հարց է առաջանում, ինչպե՞ս ստացվեց, YouTube-ում միլիարդի շեմը հատած առաջին տեսանյութը դա արեց մայաների օրացույցի վերջին՝ այն է «աշխարհի վերջին օրը»։ Դա էլ թողնենք առեղծվածների սիրահարներին։










