Իսրայելցի բուժքույրերը դադարեցրել են անժամկետ գործադուլը. կառավարությունը բավարարել է նրանց պահանջը

13:26 • 21.12.12

Իսրայելցի բուժքույրերը դադարեցրել են դեկտեմբերի 3-ից սկսված անժամկետ գործադուլը. կառավարությունը համաձայնվել է աշխատավարձերը բարձրացնելու նրանց պահանջներին: Համապատասխան պայմանագիրը կնքել են պաշտոնյաներն ու արհմիությունները, հայտնում է medportal-ը՝ վկայակոչելով The Jerusalem Post-ին:

 

Դեկտեմբերի 3-ից սկսած Իսրայելի հիվանդանոցներն անցել էին շաբաթօրյա աշխատանքային ռեժիմին. գործադուլի ընթացքում բուժքույրերը կատարել են միայն կենսական անհրաժեշտություն ունեցող պրոցեդուրաներ:

 

Լաբորատորիաներում, հիվանդանոցներին կից պոլիկլինիկաներում, մայրերի և երեխաների կենտրոններում և դպրոցներում աշխատող բուժքույրերն ամբողջությամբ էին դադարեցրել իրենց աշխատանքը:

 

17-օրյա գործադուլից հետո բուժքույրերին հաջողվել է հասնել աշխատավարձերի բարձրացման՝ 14%-ով, որը կկատարվի աստիճանաբար: 4,5 տարով կնքված պայմանագիրը նախատեսում է 28 000 բուժքույրերի աշխատավարձերի բարձրացում:

 

Բողոքի ակցիայի ընթացքում հիվանդանոցներում հետաձգվել են տասնյակ հազարավոր բժշկական պրոցեդուրաներ, ինչն Իսրայելի առողջապահության ոլորտին մի քանի միլիոնի վնաս է հասցրել: Գործադուլի հետևանքները վերացնելու համար շաբաթներ կպահանջվեն: