Հայաստանը դարձել է Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեի անդամ՝ ի հեճուկս Բաքվի ջանքերի

18:08 • 21.12.12

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան ընդհանուր
համաձայնությամբ (կոնսենսուսով) որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ
նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի լիիրավ անդամության մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։


«Մինչ Գլխավոր ասամբլեայի որոշումը, այս հարցի ՄԱԿ-ի համապատասխան
մարմիններում քննարկումների ընթացքում, Ադրբեջանը ամիսներ շարունակ
ջանքեր էր գործադրում խոչընդոտելու Հայաստանի անդամակցությունը:


Այնուամենայնիվ, հայկական կողմի տարբեր ուղղություններով կատարված
դիվանագիտական աշխատանքների արդյունքում, դեկտեմբերի 18-ին ԳԱ-ն որոշում
ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեին
Հայաստանի Հանրապետության լիիրավ անդամակցության մասին։
Այսպիսով, սա Բաքվին ուղղված միջազգային հանրության ևս մեկ ուղերձ էր առ այն, որ Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանի ղեկավարության ծրագրերն ի
սկզբանե դատապարտված են ձախողման»,- նշվում է հաղորդագրության մեջ։