Պետդուման ընդունել է «Դիմա Յակովլևի օրենքը». ամերիկացիներին արգելվում է ռուս երեխաների որդեգրել

18:08 • 21.12.12

ՌԴ Պետդուման այսօր երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Դիմա Յակովլևի օրենքը», որը Ռուսաստանի պատասխանն է «Մագնիտսկու օրենքին» և արգելում է ԱՄՆ քաղաքացիներին ռուս երեխաներ որդեգրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Փաստաթղթին կողմ է քվեարկել 420 պատգամավոր, 7-ը՝ դեմ, 1-ը ձեռնպահ է մնացել։

 

Այս օրենքը տարածվում է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ յուրաքանչյուր երկրի վրա, որը կոտնահարի ռուսների իրավունքները, արգելում է Ռուսաստանում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, որոնք սպառնում են ՌԴ շահերին։

 

Այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակը» ԱՄՆ Սենատն ընդունել էր դեկտեմբերի 6-ին։ Այն այցագրային պատժամիջոցներ է սահմանում այն ռուսների հանդեպ, որոնք, ըստ կոնգրեսականների, մասնակից են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին։