Տարոն Մարգարյանը հանդիպել է սոցիալական ցանցերի մի խումբ առավել ակտիվ օգտատերերի և բլոգերների հետ

17:55 • 21.12.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր հանդիպել է սոցիալական ցանցերի մի խումբ առավել ակտիվ օգտատերերի և բլոգերների հետ:


Ինչպես նշվում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում, կարևորելով քաղաքացիական ակտիվությունը, քաղաքացիական տարբեր դրսևորումները, որոնք հատկապես կառուցողական և դրական բնույթ են կրում, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատանքը պարբերաբար ներկայացվում է նաև սոցիալական մի շարք հարթակներում և, բացի այդ, ֆեյսբուքյան իր էջի առկայությունն իր հերթին հնարավորություն է տալիս տեղեկանալու քաղաքացիական ակտիվ հարցադրումներին, բարձրացված խնդիրներին. «Դրական եմ վերաբերվում համացանցում հնչող առողջ քննադատություններին և վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը իր ողջ թիմով պատրաստ է և լսում է բոլոր կառուցողական առաջարկները»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծելով, որ իրեն հատկապես ոգևորում է երիտասարդների ակտիվությունը մայրաքաղաքի կյանքին առնչվող քննարկումներում:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, համառոտ ներկայացրել է քաղաքապետարանի ներկա ծրագրերը, կառավարման հարցում իր մոտեցումներն ու քաղաքապետարանի առաջիկա անելիքները:

 

Հանդիպման ավարտին քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց է և պատրաստակամ կառուցողական ցանկացած առաջարկության և քննարկումների համար: