Ձմեռ պապը ձեր տուն կայցելի 10-30 հազար դրամ վճարելու դեպքում

18:28 • 21.12.12

Երեխայի Ամանորը տոն դարձնելու և Ձմեռ պապ տուն հրավիրելու համար ծնողները ստիպված պիտի լինեն ծախսել 10-30 հազար դրամ` կախված նրանից, թե որ օրը, որ ժամին և քանի րոպեով Ձմեռ պապն ու Ձյունանուշը (ում համար առանձին գին է սահմանված) կայցելեն:


Ձմեռ պապի բնակարանային այցելություններ կազմակերպող տարբեր ընկերությունների զանգահարելով, Tert.am-ը պարզեց, որ Ձմեռ պապի այցելությունը դեկտեմբերի 31-ի գիշերն արժե 15-35 հազար դրամ` մինչև 15 րոպե տևող միջոցառման համար:


«31-ի գիշերը 12-ից մինչև 3-ը այցն արժե 35 հազար դրամ: Ուրախ անցկացնելու համար դիսկ ենք ուղարկում, երգեր են լինում, ոտանավորներ են արտասանում: Ձմեռ պապն ու Ձյունանուշն էլ դերասաններ են: Մեր Ձմեռ պապն էլ 72 տարեկան ա, շորերը նոր կարված, վիլյուռից, ոչ թե հրապարակի Ձմեռ պապիների նման կարկատած»,- ասաց Ձմեռ պապիների այցեր կազմակերպող ընկերության ներկայացուցիչ Ռոբերտը:


Բնակարաններ այցելող Ձմեռ պապիների թոռնուհիների` Ձյունանուշիկների համար առանձին գին է նախատեսված:


«Մենակ Ձմեռ պապիկի մեկ այցն արժե 10 հազար դրամ, Ձմեռ պապ և Ձյունանուշ 16 հազար դրամ»,-հայտնեցին մեկ այլ` «Արմդիսնեյ» կազմակերպությունից, որը նույնպես զբաղվում է Ձմեռ պապիների այցերի կազմակերպմամբ:


Բնակարաններ այցելող Ձմեռ պապիների 15 րոպեանոց այցը ներառում է երեխաների հետ խաղ, ոտանավորների արտասանություն, նվերների բաժանում:


«Մեր Ձմեռ պապիկները և Ձյունանուշները դերասաններ են, ամեն ինչ նորմալ ա անցնում: Մեր կողմից տրվող նվերները սիմվոլիկ են, շատ էժան գների, ավելի լավ ա ձեր պատրաստած նվերը տանք»,- ասաց «Արմեն Մարտիրոսյան» ԱՁ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:


Ձմեռ պապիների այցեր կազմակերպող ընկերություններից հայտնեցին, որ արդեն բավականին շատ պատվերներ ունեն, բայց, եթե պետք լինի, ցանկացած ժամի «կհարմարվեն»: