Սոմալիի ափերի մոտ ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել. կան տասնյակ զոհեր
Սոմալիի ափերի մոտ նավ է խորտակվել, որում գտնվել է 60 ապօրինի ներգաղթյալ. նրանց մեծ մասը մահացել է, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
Սոմալիի և Եթովպիայի քաղաքացիների տեղափոխող նավը Բոսասո նավահանգստից դուրս է եկել դեկտեմբերի 18-ին և շարժվել Եմենի ուղղությամբ: Բազմաթիվ ապօրինի ներգաղթյալներ Աֆրիկայից այդպիսով տեղափոխվում են Մերձավոր Արևելք, իսկ այնտեղից էլ՝ Եվրոպա:
Ինչպես հայտնել են փրկված 5 երիտասարդ սոմալեցիները, նավը խնդիրներ է ունեցել անմիջապես նավահանգստից դուրս գալուց հետո, իսկ 15 րոպե անց 60 ուղևորները հայտնվել են ջրում:
Ողբերգության պատճառը նավի վրա գտնվող մարդկանց մեծ թիվն է եղել, ինչի պատճառով էլ այն խորտակվել է:
Հայտնաբերվել են միայն 23 զոհերի մարմինները, որոնց թվում կա 14 կին և 1 երեխա: Եվս 32 մարդու ճակատագիրն անհայտ է:










