Երկար սպասված «աշխարհի վերջը»... Ինչպե՞ս է դա «կանխատեսվել» նախկինում
Այսօր, եթե, իհարկե, չեն ստում մայաները, պետք է տեղի ունենա «աշխարհի վերջը», գրում է Russia Today-ը:
Նախկինում նրանք չեն սխալվել իրենց աստղագուշական հետազոտություններում և գուշակություններում: Սակայն այն ժամանակ նույնպես բազմիցս կանխագուշակվել է «աշխարհի վերջը»:
Բացի հին հնդկացիներից, եղել են «աշխարհի վերջը» կանխատեսող բազմաթիվ մարգարեներ. համաձայն լոնդոնցի Ուիլյամ Բելլի՝ «աշխարհի վերջը» պետք է տեղի ունենար 1186թ. սեպտեմբերի 23-ին և 1761թ. ապրիլի 5-ին, սակայն այդպես էլ ոչինչ տեղի չունեցավ: Կյանքը շարունակվեց նաև 1843թ. ապրիլի 28-ից և 1945թ. սեպտեմբերի 21-ից հետո:
Ապոկալիպսիսը շրջանցեց նաև 2011թ. մայիսի 21-ը, չնայած որ կալիֆոռնիացի Հարոլդ Քեմպինգն ամեն կերպ փորձում էր մարդկանց համոզել՝ թռուցիկների, վերնաշապիկների և տեսահաղորդագրությունների միջոցով:
Այսօր «աշխարհի վերջին» հավատացողները, նրանց հետ միասին նաև լրագրողներն ամբողջ աշխարհում դիտարկում են մարդկության վերացման երկու սցենար՝ կրոնական և գիտական:
Առաջին դեպքում ամեն ինչ կկատարվի այնպես, ինչպես Միքելանջելոյի և Իերոնիմ Բոսխի կտավներում, և Ահեղ դատաստանի օրը թե մեղսավորները, թե անմեղները կստանան իրենց արժանի պատիժը:
Ավելի աշխարհիկ տարբերակի կողմնակիցները կանխատեսում են Երկրի բախումը հսկայական երկնաքարի հետ կամ տիեզերական մասշտաբի բնական աղետ: Որոշ էնտուզիաստներ հավատում են, որ երկրագունդն ամեն դեպքում կգրավվի և կստրկանա այլ գալակտիկաներից ժամանած սարսափելի այլմոլորակայինների կողմից:
Պարզ է մի բան. 2012թ. բոլոր նրանք, ովքեր համառորեն կանխատեսում են մարդկային գոյության վերջը, չեն այրվելու խարույկի վրա: Իսկ դեկտեմբերի 21-ն ընդամենը հերթական կեղծ ամսաթիվն է «աշխարհի վերջի» վերաբերյալ:










