ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել 633.3 մլրդ դոլարի ռազմական բյուջեն

14:29 • 21.12.12

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել 2013թ.-ի ռազմական բյուջեի օրինագիծը, որը 633,3 մլրդ դոլար է նախատեսում պաշտպանական և ռազմական ծախսերի համար, հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով Reuters-ին։

 

Գործակալությունն ընդգծում է, որ այս անգամ Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունների  անվտանգությանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի։

 

Հանրապետական օրենսդիրների կողմից կառավարվող Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծը 315 կողմ, 107 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այժմ Սենատի հերթն է հավանություն տալու համար, այնուհետ՝ նախագահ Բարաք Օբամայի ստորագրությունից հետո, այն ուժի մեջ կմտնի։

 

Նշված գումարից 527,5 մլրդ կուղղվի Պենտագոնի հիմնական բյուջե, իսկ 88,5 մլրդ՝ օտարերկրյա գործողություններին, մասնավորապես՝ Աֆղանստանում ընթացող հակամարտությանը։