Կալանավորվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանը, և նրա նյութերը գտնվում են ՀՔԾ-ում
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար՝ կոչումով ոստիկանության փոխգնդապետ Արսեն Գրիգորյանի նյութերը գտնվում են Հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին Tert.am –ի զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ ըստ էության, հաստատելով տեղեկությունները, որ Արսեն Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
Ինչպես հաղորդում է Shamshyan.com կայքը դեկտմբերի 21-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանք է ընտրել Արսեն Գրիգորյանի նկատմամբ: Կալանավորման պատճառների մասին չի հաղորդվում:
Նշենք, որ Tert.am –ը զրուցել է նաև ՃՈ պետի տեղակալ Հայկ Ստեփանյանի հետ՝ տեղեկանալու, թե Արսեն Գրիգորյանը ազատվա՞ծ է աշխատանքից, և եթե, այո, ապա՝ ե՞րբ և ինչ պատճառով: Հայկ Ստեփանյանը տեղյակ չէր դրանից և տեղեկանալով այս մասին՝ խիստ զարմացավ:










