ՀՀ կրթության և գիտության ոլորտում կոռուպցիան նվազել է, բայց չի վերացել. Արմեն Աշոտյան

12:09 • 22.12.12

ՀՀ կրթության և գիտության ոլորտում կոռուպցիան նվազել է, բայց չի վերացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր տարեվերջյան ասուլին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միաժամանակ, նախարարն ընդգծեց, որ իրենք կոռուպցիայի դեմ պայքարում նկատելի արդյունքներ են գրանցել:


«Եթե նախկինում բուհերի ընդունելության քննությունների ժամանակ կոռուպցիան մեծ տեղ էր ունենում, ապա այս անգամ դա բացառված էր: Մենք հաջողացրել ենք նվազեցնել դրամահավաքը դպրոցներում, հատկապես՝ Երևանի դպրոցներում: Սեպտեմբերից առ այսօր գրանցել ենք ահազանգերի նվազում: Սակայն սա էլ ամբողջությամբ վերացված չէ»,- ասաց նա:


Նախարար Արմեն Աշոտյանը միաժամանակ նշեց, որ նաև անհրաժեշտ է հասկանալ, թե ինչն է կոչվում դրամահավաք:


«Մշակույթի գործիչները դիմում են մեզ, որ թույլատրենք դպրոցներում իրականացնել ամանորյա միջոցառումների տոմսերի վաճառք: Բայց ձեր շնորհիվ իմ մոտ ձևավորվել է մի կարծրատիպ, որ ոչ մի պարագայում՝ անգամ ամենաբարի նպատակներով, ոչ մի դրամահավաք թույլ չտալ: Այժմ անգամ այս առիթներով չենք թույլ տալիս դրամահավաք»,-ասաց նա և ավելացրեց, որ այս հարցը վերանայման կարիք ունի, քանի որ ճիշտ լուծում չէ: