Եգիպտոսի 17 նահանգում անցկացվում է Սահմանադրական հանրաքվեի երկրորդ փուլը
Եգիպտոսում մեկնարկել է Սահմանադրական հանրաքվեի երկրորդ փուլը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Առավոտյան ժամը 08։00-ին (երևանյան ժամանակով՝ ժամը 10.00-ին) երկրի 17 նահանգում բացվել են ընտրատեղամասերը։ Մոտ 25.5 մլն ընտրող պետք է «այո» կամ «ոչ» ասի իսլամիստների կողմից ընդունված նոր Սահմանադրության նախագծին։
Ընտրողների մեծամասնությունը՝ ավելի քան 4.3 մլն մարդ, գրանցված է Գիզայի նահանգում։
Ընտրատեղամասերի անվտանգությունը կապահովի մոտ 85.000 զինծառայող, ինչպես նաև տասնյակ հազարավոր ոստիկաններ։
Ըստ կանոնադրության՝ քվեարկությունը պետք է ավարտվի 19.00-ին (երևանյան ժամանակով 21.00-ին), սակայն առաջին փուլի ժամանակ, որն անցկացվել է դեկտեմբերի 15-ին, ընտրատեղամասերն աշխատել են «մինչև վերջին այցելուն»։Առաջին փուլն անցկացվել է 10 նահանգում։
Հանրաքվեի արդյունքները կարող են հայտնի դառնալ արդեն այս կիրակի։
Նշենք, որ նոր Սահմանադրությունը մեծ լիազորություններով է օժտում նախագահ Մուհամեդ Մուրսիին։










