Իտալիայի նախագահը խորհրդակցություններ է անցկացնում վարչապետի հրաժարականից հետո
Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն, ով նախօրեին ընդունել է վարչապետ Մարիո Մոնտիի հրաժարականը, այսօր խորհրդակցություններ է անցկացնում այն քաղաքական կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ, որոնք ներկայացված են երկրի Սենատում և Պատգամավորների պալատում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ղեկավարի աշխատակազմին։
Խորհրդակցություններն անցկացվում են նախագահական պալատում. առաջինը հանդիպման են եկել խորհրդարանական ամենախոշոր խմբակցության՝ «Ազատության ժողովուրդ»-ի ներկայացուցիչները։
Ինչպես նշում է La Repubblica-ն, խորհրդակցությունների ավարտին Իտալիայի նախագահը կստորագրի խորհրդարանն արձակելու մասին որոշումը։ Բացի այդ, սպասվում է, որ օրվա երկրորդ կեսին երկրի ղեկավարը հանդես կգա հատուկ հայտարարությամբ։
Մոնտին երեկ երեկոյան հրաժարական էր տվել. դա հաջորդել էր խորհրդարանի կողմից կարևոր ֆինանսական փաստաթղթի՝ այսպես կոչված «կայունության մասին օրենքի» ընդունմանը։










