Սիքստինյան կապելլայի այցելուներն այսուհետ «կփոշեզերծվեն»

10:55 • 22.12.12

Վատիկանում գտնվող Սիքստինյան կապելլա տարեկան այցելող մոտ 5 մլն զբոսաշրջիկ այսուհետ նախևառաջ կանցնի «մաքրման» պրոցեդուրա, նոր մուտք կգործի շինություն։ Նման որոշում է կայացվել՝ Վերածննդի դարաշրջանի մեծ արվեստագետների անգին որմնանկարները չաղտոտելու և չվնասելու նպատակով, հայտնում է Russia Today-ը։

  

Ինչպես թանգարանի տնօրեն Անտոնիո Պաոլուչին է ասել իտալական Corriere della Sera թերթին, քրտնած զբոսաշրջիկները, ինչպես նաև նրանք, որոնց հագուստի վրա փոշի կլինի, «կմաքրվեն կամ կզովացվեն»։

 

«Մուտքի մոտ մենք գորգ կփռենք, որը կմաքրի կոշիկները, մուտքի մոտ կտեղադրենք նաև փոշեծծող սարքեր, որպեսզի հանվի հագուստի վրայի փոշին, շինության ներսում կնվազեցնենք ջերմաստիճանը՝ դրանով նվազեցնելով այցելուների մարմինների խոնավությունը»,- ասել է նա։

 

Կեղտն ու փոշին, որոնք իրենց հետ բերում են օրական հազարավոր այցելուներ, կուտակվում է որմնանկարների մակերեսին։ Որմնանկարների թվում են նաև Միքելանջելոյի աշխատանքները։ Երկու տարի առաջ վերականգնողները որմնանկարների մակերեսից հանել էին փոշու մեծ շերտ։

 

Ըստ Վատիկանի թանգարանի տնօրենի՝ փոշին ու կեղտը որմնանկարների «թշնամիներն» են։