Միքայել Մելքումյանին մանդատից զրկելը կլինի աբսուրդի շարքից. Նաիրա Զոհրաբյան

13:40 • 22.12.12

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը աբսուրդի շարքից է որակում հնարավոր զարգացումը, եթե ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը զրկվի պատգամավորական մանդատից:


«Ես, իհարկե, ակնկալում էի, որ հանձնաժողովն ( ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով - Tert.am ) այդ գործը վարույթ չի վերցնի, որովհետև իրավական խնդիր այս դաշտում չեմ տեսնում: Սակայն գործը վերցվեց վարույթ, և քաղաքական մեծամասնությունը շատ մտածված կոմբինացիա մշակեց, ըստ որի՝ ՀՀԿ ներկայացուցչի «դեմ» և ՕԵԿ ներկայացուցչի «ձեռնպահ» քվեարկությամբ խորհրդարանական ընդդիմությանը հնարավորություն տրվեց «կողմ» քվեարկությամբ հարցը մտցնել հանձնաժողովի վարույթ», -Tert.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:


Նշենք, որ երեկ, համաձայն «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածի ՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել, որի արդյունքում կարող է խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ մտնել Աժ ԲՀԿ-ական պատգամավորին մանդատից զրկելու հարցը:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Panorama.am կայքը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ Միքայել Մելքումյանը լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք նա խոշոր սեփականություն ունի՞, տվել էր բացասական պատասխան, մինչդեռ նույն տեսանյութում ապացուցվում էր հակառակը։


Մասնավորապես, լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կարողացավ ձեռք բերել պետական գույքից՝ պետական գույքի լուծարման հարցերով զբաղվելու տարիներին, Մելքումյանն ասել էր, որ ոչ մի բան, այն դեպքում, երբ նույն տեսանյութում մի երրորդ անձի հեռախոսով տրված հարցին, թե արդյոք նա գործակա՞լ է, թե՝ ոչ, ասել էր. «Չէ, ընկեր ջան, ես խոշոր սեփականատեր եմ», ապա հետաքրքրվել՝ թե ո՞ր՝ Քոչարի, թե Կոմիտասի տարածքների մասին է խոսքը։


Տեսանյութից պարզ է դառնում, որ Կորյուն և Նաիրի Զարյան փողոցների ու Կոմիտաս պողոտայի վրա գտնվող բարձրահարկ շենքերում որոշ տարածքներ նրան է պատկանում, որոնցում հիմնականում գրասենյակային տարածքներ են, ինչպես նաև LaBEERint գարեջրատների ցանցը։


Միքայել Մելքումյանը զանգահարողին հրավիրում է հանդիպման՝ քննարկելու հարցը՝ ասելով, որ «լիքը տարածքներ» ունի։

 

Իսկ Աժ էթիկայի հանձնաժողով պատգամավորի դեմ բողոք էր ներկայացրել
«Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը:


«Միքայել Մելքումյանը հանձնաժողովի նիստին, որը, ենթադրում եմ, տեղի կունենա տոներից հետո, կներկայացնի հիմնավոր փաստեր առ այն, որ այդ գործն անգամ չարժեր վերցնել վարույթ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրենք ևս լսել են Միքայել Մելքումյանին, ով «միանշանակ ընդունելի փաստարկներ է ներկայացրել»:


Միքայել Մելքումյանի մասին սկանդալային տեսանյութը, հիշեցնենք, հայտնվեց այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը դեռ չէր հայտարարել գալիք նախագահական ընտրություններին չմասնակցելու իր որոշման մասին, և հակառակը, օր օրի սպասվում էր նրա՝ առաջադրման որոշման մասին հայտարարությունը, և, հետևաբար, ԲՀԿ-ական յուրաքանչյուր պատգամավորի առնչվող որևէ դեպք այն ժամանակ դիտվում էր որպես կուսակցության նկատմամբ քաղաքական հետապնդում:


«Ի՞նչ է նշանակում հետևողական որսը մարդու մասնավոր կյանքի, մասնավոր սեփականության նկատմամբ, և դրանից բխող հիմնարար ազատությունների նկատմամբ»,- այն ժամանակ ասել էր Տիգրան Ուրիխանյանը:

 

Այս կապակցությամբ Նաիրա Զոհրաբյանին հետևյալ հարցն ուղղեցինք, եթե քաղաքական մեծամասնության մշակած կոմբինացիայով հարցը մտավ վարույթ, ապա ո՞րն է պատճառը. չէ՞ որ ԲՀԿ-ն չի առաջադրվում և, բնականաբար, քաղաքական հետապնդումների մասին այս պահին խոսք լինել չի կարող:


«Իհարկե, այն ժամանակ էլ, հիմա էլ մտահոգիչ որոշ խնդիրներ կան, բայց նորից եմ ասում՝ Միքայել Մելքումյանը նիստին կմասնակցի, հիմնավոր փաստարկները կներկայացնի, և, վստահ եմ, որ իրավական հիմնավորումներից զուրկ գործը չի կարող ունենալ այն ընթացքը, ինչ մասին նշվում է»,- ի պատասխան ասաց Նաիրա Զոհրաբյանը: