Աշխարհի մանուկները` Շուշիի «Նարեկացի» կենտրոնում. «Իդեալական տուն» մանկապատանեկան շրջիկ ցուցահանդես

16:30 • 22.12.12

«Իդեալական տուն» մանկապատանեկան շրջիկ ցուցահանդեսն արցախյան իր հանգրվանը գտել է Շուշիի «Նարեկացի» կենտրոնում, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ երեկ` դեկտեմբերի 21-ին: Այս մասին տեղեկանում ենք «Նարեկացի» արվեստի միության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից։

Ցուցահանդեսը, որում այս անգամ ներկայացված են Իտալիան, Վրաստանը, Ղրղըզստանն ու Արցախը ներկայացնող մանկահասակ նկարիչների գեղարվեստական աշխատանքներ, անց է կացվում ԱՄՆ «Fermata Arts Foundation» (ՖԱՖ) բարեգործական ընկերության նախաձեռնությամբ: Շրջելով աշխարհի տարբեր երկրներով` ցուցահանդեսը հետապնդում է աշխարհի մշակույթների մերձեցման ու աշխարհում խաղաղության հաստատելու նպատակ:

Բարձր գնահատելով միջոցառման կարևորությունը` Շուշիի ցուցահանդեսի բացմանը նաև ներկա էին Արցախի պետական ու մշակութային գործիչներ և անձամբ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղբալյանը: