Մենք միասին պետք է դառնանք ավելի ազգային, քան ազգայնական, ավելի հանրապետություն, քան հանրապետական. Ր. Հովհաննիսյան

15:31 • 22.12.12

«Ժառանգություն» կուսակցության վարչության 115 պատվիրակներից այսօր Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում մեկնարկած համագումարին ներկա էին 106-ը, որոնք առանց բառացության իրենց աջակցությունը հայտնեցին կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությանը առաջիկա նախագահական ընտրություններին:

Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթում նշեց, որ ինքն առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու է նաև որպես ՀՀ շարքային քաղաքացի: «Ձեզ հետ միասին մաս եմ կազմում այն հավաքական թեկնածության, որի միս ու արյունը դեռ առջևում է: Այդ թեկնածությանը պետք է լրացնեն մեր քաղաքացիները: Մենք միասին պետք է դառնանք ավելի շատ քաղաքացի, քան քաղացիական, ավելի ազգային, քան ազգայնական, ավելի ազատ, քան ազատական և ավելի հանրապետություն, քան հանրապետական»,- ասաց նա:


Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրներ: Նա, մասնավորապես, անդրադարձավ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին:


«Պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայվի: Այն պետք է ո՛չ ասի անցյալի ուղղահայացին և այո՝ փոխադարձ շահերի վրա հիմնված իրական հարաբերություններին»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին, որը կլրանա 2015թ.-ին: Ըստ նրա՝ մինչ այդ ժամանակը, պետք է այդ հարցը լուծում ստանա: «Եթե ոչ Թուրքիայի կողմից, ապա մեր մեջ՝ այն է, թե ինչպիսին պետք է լինի մեր ազգային քաղաքականությունը այս հարցում: Կա՛մ ոչ մի նախապայման, կա՛մ բոլոր նախապայմանները հիմա: Հիմա պետք է լինի հայ ժողովրդի նախապայմանները»,-ասաց նա:


Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ Հայոց բանակին և նշեց, որ պետք է անել ամեն ինչ՝ որպեսզի բացառվի խաղաղ պայմաններում բանակում զինվորի մահացության դեպքերը: Նա կարևորեց հայ սպայի պատվի վերականգնումը:


«Ժառանգություն» կուսակցության նախագահը կարևոր համարեց Հայաստանի և սփյուռքի միջև գործընկերային հարաբերությունների զարգացումը: «Նրանք պետք է իրավունք ունենան մասնակցել Հայաստանի ներքին գործերին և ապագայի կառուցմանը»,- ասաց նա:


Ելույթի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց բոլորին մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին:


«Մեր երկրում կա օտարում, հայաստանցին օտարվել է սեփական երկրից: Կա անտարբերություն, ճակատագրապաշտություն, և դա ծնում է այն վիհը, որ հիմա կա քաղաքացիական հասարակության և քաղաքական գործընթացի միջև: Սա պետք է հաղթահարել»,- ասաց նա և ավելացրեց, որ փետրվարի 19-ը չի բացվելու, եթե պայքարը չսկսեն այս օրից: