Մի երկու օր էլ սպասեք. Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում առաջադրման հարցը բաց է թողնում (լուսանկարներ)
«Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր Կառավարության նիստերի դահլիճում քիչ առաջ հանդես եկավ ելույթով, այնուամենայնիվ, սպառիչ պատասխան չտալով հիմնական հարցին, որն ակնկալվում էր նրանից։ Խոսքը նախագահական ընտրություններին նրա առաջադրվելու կամ չառաջադրվելու մասին է։
Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում հիմնականում խոսեց Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերների մասին։
Անդրադառնալով նախագահական ընտրություններում առաջադրման խնդրին Տեր-Պետրոսյանը կոչ է արել ևս երկու օր սպասել։ «Ուրիշ բան եք սպասում ինձանից, իսկ ես դասախոսություն եմ կարդում:
Ես հուսախաբ եմ անելու , ես չեմ ասելու ձեզ: Ես սպասում եմ, դիմել եմ գերտերություններին, մինչև պատասխան չստանամ, չեմ դնելու: Ուրեմն մի երկու օր էլ սպասեք, բոլոր գերտերությունները խոստացել են երկու օրից պատասխանել դուք էլ երկու օրից կստանաք»,- ասաց նա՝ ակնհայտորեն հեգնելով, որ գերտերությունները կարող են որոշել Հայաստանում նախագահի թեկնածու որոշելու խնդիրը։ Այդ մասին նա քննադատաբար հանդես եկավ նաև իր ելույթում։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ՀՀՇ 17-րդ համագումարը։ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, բացելով համագումարը, տեղեկացրեց, որ իշխանական ուժերից բացի, հրավիրվել են գրեթե բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը:
ՀՀՇ-ի հրավերն ընդունել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ներկա էր Արծվիկ Մինասյանը, « Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը, ՀԱԿ դաշինքի մաս կազմող բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները: ԲՀԿ-ից ներկայացուցիչ չկար: Հատկանշական է, որ համագումարին ներկա չէր նաև Նիկոլ Փաշինյանը։










