Հայազգի նախարարի մասնակցությամբ Ռումինիայի նախարարների նոր կաբինետը կգումարի առաջին նիստը

13:36 • 22.12.12

Բուխարեստի «Կոտրոչեն» նախագահական պալատում երեկ երեկոյան տեղի է ունեցել Ռումինիայի նախարարների նոր կաբինետի անդամների երդմնակալության արարողությունը, հայտնում է «Ուկրինֆորմ»-ը։
Երդմնակալության արարողությանը մասնակցել է նաև Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն։

 

Հիշեցնենք, որ Ռումինիայի խորհրդարանը 402 «կողմ» ձայնով հաստատել էր սոցիալ- դեմոկրատ Վիկտոր Պոնտայի գլխավորած կառավարության նոր կազմը։

 

Ինչպես նշվում է Ռումինիայի կառավարության կայքում՝ Էկոնոմիկայի նախարարությունը վստահվել է հայազգի Վարուժան Ոսկանյանին։

 

Վարչապետը վստահեցրել է, որ կառավարության բոլոր անդամներն առավելագույն ջանքերը կներդնեն տնտեսական աճ գրանցելու և Ռումինիայի քաղաքացիների կենսապայմանները բարելավելու համար։

Կառավարության առաջին նիստը տեղի կունենա այսօր։

 

Նշենք, որ Վարուժան Ոսկանյանը «Շշուկների մատյան» ստեղծագործության հեղինակն է, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը։