Մեկնարկել է «Ձմեռային փառատոն Հայաստանը» (լուսանկարներ)
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հանդիսավոր շքերթով մեկնարկել է արդեն ավանդական դարձած «Ձմեռային փառատոն Հայաստանը»։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
Կաղանդ պապի գլխավորությամբ շքերթի մասնակիցները, որոնց թվում էին երաժշտական ու պարային խմբեր, Ամանորի խորհրդանիշ հանդիսացող տարբեր կենդանակերպեր, տասնյակ երիտասարդներ, փոքրիկներ ու մեծեր, Երևանի քաղաքապետարանի հարակից Ռուսաստանի հրապարակով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետ Մաշտոցի պողոտայով հանգրվանել Ազատության հրապարակում:
Ձմեռն առավել գունագեղ դարձնելու նպատակով մինչև հունվարի 13-ը Ազատության հրապարակում կկազմակերպվեն տոնական բազմազան միջոցառումներ, խաղ-մրցույթներ, հեքիաթասացություն, նաև ցուցահանդեսներ կլինեն:
Փառատոնի շրջանակում դեկտեմբերի 28-ին, արդեն երկրորդ անգամ կանցկացվի ամենաուրախ և աշխույժ միջոցառումներից մեկը՝ Ձմեռ պապերի մրցավազքը: Հաղթողներին կազմակերպիչները նվերներ են խոստանում:










