Տոնածառերի ցուցահանդեսում միայն բնական եղևնին չկա (լուսանկարներ, տեսանյութ)
Դեկտեմբերի 22-ից հունվարի 13-ը Երևանի Ազատության հրապարակում անցկացվող «Ձմեռային փառատոն Հայաստանի» միջոցառումների շարքում է նաև բնապահպանական տոնածառերի մրցույթը, որի մասնակիցները ներկայացրել են իրենց պատրաստած տոնածառերը, որոնք պատրաստել են տարբեր տեսակի վերամշակելի նյութերից:
Տոնածառերի շարքում ներկայացված են ծխախոտի տուփերից, աղբից և այլ նյութերից պատրաստված տոնածառեր, ինչպես նաև չրերով և կոնֆետներով զարդարված ավանդական ծառ:
Ծխախոտի տուփերով պատրաստված տոնածառի հեղինակներից Հովհաննեսը Tert.am-ի հետ զրուցում ասաց, որ ի սկզբանե գաղափարը եղել է ծխախոտի դեմ պայքարը: «Այսպես մենք փորձում ենք ապացուցել, որ ծխելը վնասակար է առողջությանը, և մեր հաղորդագրությունն ավելի լավ տեղ հասցնելու համար մենք կիրառել ենք նաև սև ժապավեններ, որոնք խորհրդանշում են մահը»,- նշեց նա:
Միջոցառման կազմակերպիչ «DEEM communicationcs» ընկերության հանրային կապերի պատասխանատու Տաթևիկ Ավետիսյանի խոսքով՝ իրենց նպատակն է խրախուսել արհեստական նյութերից տոնածառեր պատրաստելու գաղափարը, և արդեն հինգ տարի է այս ցուցահանդեսը ձմեռային փառատոնի մասն է կազմում:
Նրա տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 27-ին ժյուրին որոշելու է մրցույթի հաղթողին, որն էլ կստանա մրցանակ:










