Հնդկաստանում զանգվածային բռնաբարության դեմ բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները լրագրող են սպանել
Հնդկաստանի հյուսիս-արևելյան հատվածում՝ Իմպհալ քաղաքում, 23-ամյա հնդկուհու զանգվածային բռնաբարության գործով կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում իրավապահները սպանել են ակցիան լուսաբանող լրագրողին, հայտնում է BBC-ին։
Ոստիկանության խոսնակը Agence France Presse գործակալության հետ զրույցի ընթացքում նշել է, որ լրագրողը զոհվել է իրավապահների արձակած կրակահերթի պատճառով։
Կազմակերպված ցույցը արտոնված չի եղել, և իրավապահները, կարգուկանոն հաստատելու համար, արցունքաբեր գազ են կիրառել։ Արդյունքում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ սպանվել է լրագրողը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 23-ամյա հնդկուհին իր ընկերջ հետ ավտոբուսով երթևեկելիս է եղել, որտեղ նրան զանգվածային բռնաբարության են ենթարկել։ Այնուհետև աղջկան և նրա ընկերոջը ծեծել են երկաթյա ձողերով ու դուրս գցել ավտոբուսից։ Այժմ աղջիկը հոսպիտալացված է. բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են որակել։










