Թուրքիան հետ կկանչի ՆԱՏՕ-ի և Իսրայելի միջև ոչ ռազմական համագործակցության վետոն

21:55 • 23.12.12

Թուրքիան համաձայնել է հետ կանչել ՆԱՏՕ-ի և Իսրայելի միջև ոչ ռազմական համագործակցության վետոն, այսօր այս մասիմ հաղորդում է Agence France-Presse-ը` հղում կատարելով դիվանագիտական շրջանակներում գործակալության աղբյուրներին:

 

Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Թուրքիան մտադիր չէ Իսրայելին թույլատրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ ռազմական գործողությունները: Նաև Անկարան մտադիր է պահպանել իր տարածքում իսրայելական կողմից ցանկացած գործողություն արգելելու իրավունքը:


ՆԱՏՕ-ի և Իսրայելի միջև համագործակցությունը վերականգնելու որոշումը կայացվել է դեռ դեկտեմբերի 4-ին, Բրյուսելում կայացած դաշինքի անդամ պետությունների գագաթաժողովի ժամանակ, պատմել է Agence France-Presse-ի աղբյուրը:


Թուրքիայի համաձայնության դիմաց, Իսրայելի որոշ դաշնակիցներ համաձայնել են թույլատրել Թուրքիային համագործակցություն իրականացնել որոշ արաբական երկրների հետ:


Հիշեցնենք, որ Անկարան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, վետո էր դրել դաշինքի և Իսրայելի համագործակցության վրա` 2010թ. «Խաղաղության տորմիղի» դեմ իսրայելական հատուկ ստորաբաժանումների իրականացրած գրոհին ի պատասխան: