Տեղի է ունեցել «Անդին» ամսագրի շնորհանդեսը
Այսօր տեղի ունեցավ Մերուժան Տեր-Գուլանյանի հեղինակած «Անդին» ամսագրի նախահամարի շնորհանդեսը, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մերուժան Տեր-Գուլանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամսագիրը դառնալու է համացանցի անհամացանց այլընտրանքը։ Ըստ նրա՝ գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական այս ամսագիրը նպատակ ունի անդրադառնալ կյանքի բոլոր ոլորտներին։
Հեղինակը բացատրեց նաև, թե ամսագիրը ինչու է կոչվում «Անդին»։ «Անհրաժեշտ է հասարակության շրջանում առաջացնել «անդինության» զգացողությունը: Այսօր ամեն ինչ կենցաղային մակարդակի վրա է: Պետք է սկսենք տեսնել բաներ, որոնք վեր են մեր առօրյա կյանքից»,– ասաց նա:
Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ամսագիրը շատ ժամանակակից է թե իր տեսքով, թե իր բովանդակությամբ:
«Անդինը Մերուժանի վաղեմի երազանքն էր: Այսօր այս «Անդինը» «Գարունի» (նկատի ունեի ամսագիրը-Tert.am) շունչն է բերում: Սա շարունակությունն է այն բանի, երբ նա «Գարունի» խմբագիրն էր: Իսկ հետո, երբ Մերուժանը գնաց խորհրդարան և դադարեց խմբագիր լինելուց, այդ ընդհատումից հետո այսօր շարունակում է իր գործը, բայց այսօրվա ոգով ու էությամբ»,- ասաց նա:
Լևոն Անանյանը դեռևս չի բաժանորդագրվել ամսագրին, սակայն հույս հայտնեց, որ ինքն ամեն ամիս մեկ ամսագիր նվեր կստանա:










