Եվրոպական և Եվրասիական միությունները իրար չեն հակասում, այլ լրացնում են միմյանց. Արտակ Զաքարյան
Եվրասիական Միության և Եվրոպական Միության միջև Հայաստանի համար հակասությունների խնդիր չկա, քանի որ վերջիններս իրար լրացնում են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը բավական երկար գործընթաց է: Եվրասիական Միության դեպքում էլ մենք առաջնորդվելու ենք մեր շահերով»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ Հայաստանը բազմակողմ և հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում:
Զաքարյանի խոսքով՝ ՀՀ-ի կողմից իրականացվող որևէ ինտեգրման գործընթաց որևէ հակասության մեջ չի եղել:
«Եվրոպական ինտեգրման գործընթացում պետք է ամրագրել խորը և համապարփակ ազատ առևտրի շուրջ կատարվող գործընթացը»,- նշեց նա:
Եվրասիական Միությանն ինտեգրվելու վերաբերյալ բանախոսը նշեց, որ Հայաստանի համար Եվրասիական ինտեգրացիան միանշանակ տնտեսական գրավչության տարր է պարունակում։










