Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանը մենք պատասխանել ենք 9 անգամ պակաս. ՊՆ մամուլի խոսնակ

12:35 • 24.12.12

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այս տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 16 000 դեպք է արձանագրվել, որին հայկական կողմը պատասխանել է 9 անգամ պակաս, բայց արդյունավետ։ 


«Մեր պատասխանը եղել է մոտավորապես 9 անգամ ավելի քիչ, բայց մենք դրանով ավելի շատ կորուստներ ենք պատճառել հակառակորդին»,– տեղեկացրեց նա՝ նշելով, որ հայկական կողմի զոհերի թիվը դեռ ամփոփված չէ և վերջնական տվյալները կներկայացնեն գալիք տարվա փետրվարին։


Նրա տեղեկացմամբ՝ մոտ 3000 անգամ հակառակորդը կրակել է մեծ տրամաչափով դիպուկահարներից։
Ամփոփելով անցնող տարին՝ ՊՆ մամուլի խոսնակը փաստեց, որ այս տարվա ընթացքում կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել կադրային, շինարարական, օրենսդրական բարեփոխումների հարցերում։


«Զորակոչի ընթացքում այս տարի աննախադեպ առաջընթաց ունենք կոռուպցիայի հարցում։ Ունենք լուրջ ձեռքբերումներ նոր գործընկերների, նոր մասնագետների հետ համագործակցության առումով»,– նշեց նա։


Բանակում սպանությունների և ինքնասպանությունների մասով Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ՊՆ–ի, ինչպես նաև նախարար Սեյրան Օհանյանի դիրքորոշումներն այդ հարցում ավելի քան հստակ են. եթե կատարվել է օրենքի ցանկացած խախտում, միանշանակ կստանա համապատասխան պատիժ։ Իսկ թե դա որքանով է գոհացնում տուժողներին կամ մեղավորներին, դա արդեն միայն ՊՆ–ի խնդիրը չէ, և գոյություն ունեն իրավապահ մարմիններ, որոնք նույնպես առնչություն ունեն այդ խնդիրների հետ։


Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ բանակում այս տարի ինքնասպանությունների աճ չի արձանագրվել։ «Նման դեպքերում հարազատներից բացի ամենամեծ ցավն ապրում է նաև մեր գերատեսչությունը, որը բացի կորստից, նաև իրավական պատասխանատվություն է կրում դրա համար»,– բացատրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։