Լախդար Բրահիմին Դամասկոսում Ասադին է ներկայացրել իր նախագիծը
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին այսօր Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ քննարկել է երկիրը ճգնաժամից դուրս բերելու ճանապարհները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք քննարկել ենք այն քայլերը, որոնք կարող են կիրառվել ապագայում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բրահիմին։ Նա նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու իր նախագիծը։
Ներկայացված նախագծի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Բրահիմին Դամասկոսում հանդիպելու է նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Բրահիմին Ասադին է ներկայացնելու ռուս-ամերիկյան համատեղ նախագիծը՝ հակամարտության կարգավորման և անցումային կառավարություն ստեղծելու վերաբերյալ։










