Հրանտ Բագրատյանը կառաջադրվի որպես նախագահի թեկնածու
«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը նախագահական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը:
Այսօր կուսակցության 9-րդ արտահերթ համագումարին կիսադատարկ դահլիճը միաձայն ընդունեց Բագրատյանի առաջադրվելու առաջարկը։
Հրանտ Բագրատյանը նշեց, որ իր առաջադրմամբ երբեք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ խաչաձևելու հարց չի լինի:
«Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հիանալի հարաբերությունների մեջ եմ և կարծում եմ, որ մենք երբեք իրար ճանապարհ խաչաձևելու հարց, խնդիր չենք ունենա: Բայց մյուս կողմից կյանքն առաջ է գնում և նոր իրողություններ կան»,- իր ելույթում ասաց նա։
Հիշեցնենք, որ 2013-ի նախագահական ընտրությունների արդեն հայտնի թեկնածուներ են գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազդարար» թերթի խմբագիր Մարտիկ Սարգսյանը, 1990-95թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր Հովիկ Աղազարյանը և էպոսագետ Վարդան Սեդրակյանը։
Հրանտ Բագրատյանը նաև նշեց, որ առաջադրվելու հարցը առաջ է եկել դեռևս 3-4 ամիս առաջ, պարզապես մամուլով չեն բարձրաձայնել: Ըստ նրա, իր առաջադրման մեջ կա ամեն ինչ արագացնելու, որոշակիացնելու պահանջ:
Հրանտ Բագրատյանը հստակեցրեց, որ իր առաջադրման հիմնական նպատակն է, որպեսզի ի տարբերություն 2008թ-ի համաժողովրդական շարժման, որը, ըստ նրա, ավելի շատ իշխանափոխության շարժում էր, վերջապես փորձեն գտնել գաղափարակից մարդկանց։
«Ազատական լիբերալ արժեքների, հրապարակային քաղաքականության կողմնակիցների»,-հայտարարեց Բագրատյանը և հստակեցրեց, որ այդ մարկանց ինքը տեսնում է բացառապես ՀԱԿ-ի ներսում և դրսում գտնող անձերի ու կուսակցությունների շրջանում:
«Մենք նպատակ ունենք և ես ամեն ինչ անելու եմ, որ, վերջապես, լիբերալ արժեքների կորիզ ձևավորվի: Մենք այս խնդիրը պարտադիր ենք լուծելու: Ես ներողություն եմ խնդրում, որ մեզանից բարձր չկա: Իշխանության չեմ ձգտում, ամբիցիաներ չունեմ: Բայց որ առաջադրվեմ, ահագին տոկոս կհավաքենք»,-ասաց նա:










