Բրահիմին Ասադին է ներկայացնելու հակամարտության կարգավորման ռուս-ամերիկյան համատեղ նախագիծը.Le Figaro

14:34 • 24.12.12

ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին այսօր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին կներկայացնի երկրում ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ ռուս-ամերիկյան նախագիծը, տեղեկացնում է ռուսական Взгляд-ը՝ Le Figaro պարբերականին հղումով։

 

Ռուս և ամերիկացի դիվանագետների մշակած նախագծում առաջ է քաշվում անցումային կառավարություն ստեղծելու հարցը, որի կազմում կլինեն հակամարտող երկու կողմերի ներկայացուցիչները։

 

Պարբերականի՝ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Բաշար ալ-Ասադը հատուկ ներկայացուցչին ստիպում է սպասել, քանի որ համաձայն չէ այն առաջարկությունների հետ, որը բանագնացը պատրաստվում է ներկայացնել իրեն։


Բացի այդ, ռուս-ամերիկյան նախագիծը նաև նախատեսում է, որ Ասադը կմնա նախագահ մինչև 2014թ.-ը, երբ լրանա պաշտոնավարման ժամկետի ավարտը, սակայն զրկված կլինի որոշակի գործառույթներից։


Նրա գործառույթները կիրականացնի ժամանակավոր կառավարությունը։ Ներկայացված նախագծով՝ Ասադը վերընտրվելու հնարավորություն չի ունենա։


«Դա հավասարազոր է նրան, որ նա այժմ հրաժարական տա»,-ընդգծել է աղբյուրը։

 

Համաձայն հեղինակավոր պարբերականի զրուցակցի՝ Ասադը համաձայն է հրաժարվել իր լիազորություններից, սակայն պնդում է 2014թ.-ին վերընտրվելու հնարավորություն ստանալու համար։

 

Վերջին օրերի ընթացքում Վաշինգտոնը և Մոսկվան ակտիվ բանակցություններ են վարել հնարավոր ժամանակավոր կառավարության կազմի վերաբերյալ։ Այս հարցերին զուգահեռ քննարկվել է նաև Ասադին երրորդ երկրում ապաստան ստանալու հնարավորությունը. հավանական երկրներն են՝ Բելառուսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հարավային Ամերիկայի երկրներից մեկը։


Լախդար Բրահիմին երեկ հատել էր լիբանանա-սիրիական սահմանը և մեկնել էր Դամասկոս՝ Բաշար ալ-Ասադի հետ բանակցելու համար։


Այդ այցի նպատակը «ճանապարհային քարտեզի» ներկայացնումն է, որը նախատեսում է ճգնաժամը կարգավորել  դեռևս հունիսի 30-ին հաստատված Ժնևյան փաստաթղթի հիման վրա։