Երևանի կենտրոնում նոր հյուրանոց բացվեց

18:23 • 24.12.12

57 շքեղ կահավորված համարներով, կորպորատիվ միջոցառումների համար նախատեսված երկու սրահով, եվրոպական խոհանոցով և առողջապահական ակումբով այսօր Երևան քաղաքի կենտրոնում իր դռները բացեց «Նացիոնալ» հյուրանոցը:

Հյուրանոցի մուտքի կարմիր ժապավենը կտրվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և հյուրանոցային համալիրի տնօրեն Ռոբերտ Սիմոնյանի կողմից:


Ողջունելով բոլոր հյուրերին, որոնց շարքերում էին քաղաքական, մշակութային գործիչներ, Ռոբերտ Սիմոնյանն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների համար` հույս հայտնելով, որ բարձրակարգ տեխնոլոգիական սարքավորումներով համալրված հյուրանոցային համալիրը կապահովի Հայաստան ժամանող զբոսաշրջիկների հանգիստը:

«Համալիրը բաղկացած է 57 շքեղ կահավորված համարից, որից 25-ը լյուքս դասի է, ունի առանձին ռեստորան, սրճարան և երկու բար, խոհանոցի ամբողջ մթերքը ներմուծված է Եվրոպական Միության երկրներից: Ունենք լողավազան, ավտոկանգառ և մարզասրահ»,-ասաց Ռոբերտ Սիմոնյանը:

Ինչպես հայտնեց հյուրանոցի ինտերիերի ձևավորմամբ զբաղված Երևան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին, հյուրանոցի կառուցման և ձևավորման աշխատանքները տևել են 2,5 տարի:

Հյուրանոցն առաջարկում է մի շարք ծառայություններ, որոնցից են «Նացիոնալ» ռեստորանը` ֆրանսիական խոհանոցի ճաշացանկով, «Ռոուզ» լաունջ բար-սրճարանը, «Բրիլ» և «Սիգար» բարերը:

Փակ ավտոկայանատեղին և առողջապահական ակումբը իր փակ լողավազանով և բարով, մարզասրահով և մերսման սրահով, թուրքական և ֆիննական բաղնիքներով, հասանելի են 24 ժամ: