Հրանտ Բագրատյանը սառեցրել է հարաբերությունները ՀԱԿ–ի հետ, սակայն ակնկալում է դաշինքի աջակցությունը

13:54 • 24.12.12

«Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը այսօր մինչ 9-րդ արտահերթ համագումարի սկիզբը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համագումարի օրակարգում իր՝ որպես նախագահի թեկնածուի, առաջադրման հարցն է լինելու, ապա ավելացրեց, որ եթե ՀԱԿ-ի աջակցությունը լիներ վատ չէր լինի։ Բագրատյանը նաև նշեց, որ թեև ինքը դուրս չի եկել ՀԱԿ-ից, բայց այս պահին նպատակահարմար է գտել սառեցնել հարաբերությունները:


«Սա առաջարկություն է, հետո արդեն կտեսնեք առաջադրո՞ւմ ենք, թե ոչ»,- ասաց նա:


Հրանտ Բագրատյանը վստահեցրեց, որ իր առաջադրման որոշման վրա բացարձակապես չի ազդել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի գաղտնի խոսակցության ձայնագրությունը:


«Չէ, կապ չունի, իրենք գիտեին, ես այս մասին 3-4 ամիս առաջ եմ ասել իրենց, որ ուզում եմ առաջադրվել»,- ասաց նա և հրաժարվեց խոսել ձայնագրության բովանդակության մասին:


«Ազատություն» կուսակցության ղեկավարը նշեց, որ իր ակնկալիքները ընդդիմադիր ընտրազանգվածից մեծ է: «Այո՛, շատ լուրջ, արձագանքները շատ լուրջ են»,- ասաց նա, բայց ավելացրեց, որ իր շանսերն այս պահին ոչ մի կերպ չի գնահատում:


Հարցին, թե հնարավո՞ր է ՀԱԿ-ից դուրս գա, Բագրատյանը նշեց, որ ներկա պահին նման որոշում չունի:


Անդրադառնալով իր թեկնածությունն առաջադրելուն՝ նա նշեց, որ դա պարտադիր է համարում: «Պարտադիր եմ համարում դնելը, ես կփորձեմ խմբավորել, տեսնել, և այդ ամբողջ լիբերալ թևը պետք է հավաքվի: Եթե ՀԱԿ-ը նախկինում էլ ինչ-որ չափով լիբերալ հավաք էր, բայց նա հավաք էր իշխանության դեմ, դա ավելի շատ ազատական հավաք էր»,– ասաց նա:


«Դա չի նշանակում, որ վաղը չէ մյուս օրը ինչ-որ ազատական գա ասենք չէ, բայց մենք, վերջապես, ունենք մեր տեսակետները, և դուք այսօր կլսեք և կտեսնեք տարբերությունները: Կլսեք մաքուր ձևով, և՛ տնտեսական, և՛ քաղաքական ձևով մաքուր: Այսինքն՝ չխմբագրված տարբերակով, և բնական է, որ ՀԱԿ-ում պետք է խմբագրվեին»,- ավելացրեց նա:


Հարցին, թե ՀԱԿ-ը կաշկանդո՞ւմ էր նրան, Բագրատյանը պատասխանեց. «Չէ, չէր կաշկանդում, ես չեմ կարող ասել, որ ես մի բան ասել եմ, ասել են՝ չէ: Ես խնդիր չունեմ, ճիշտն ասած, ամեն անգամ բոլոր հարցերի քննարկումը կարող էր շաբաթներ տևել»,- ասաց նա:


Հարցին , թե կարելի՞ է ասել, որ ՀԱԿ-ը սպառվել է, Բագրատյանը հրաժարվեց պատասխանել. «ՀԱԿ-ի մասին ես քոմենթ չեմ անում , ո՛չ սպառվում են, ո՛չ էլ բան, էս պահին քոմենթ չեմ անում, ես նույնիսկ դուրս չեմ եկել, ուղղակի հայտարարել եմ, որ սառեցնում եմ»,- եզրափակեց նա: