Իսլամիստները ոչնչացնում են Տիմբուկտուի համաշխարհային ժառանգությունը

13:55 • 24.12.12

Ծայրահեղ իսլամիստները, ովքեր արդեն մի քանի ամիս է վերահսկում են Մալիի հյուսիսը, սկսել են ոչնչացնել Տիմբուկտու քաղաքի հայտնի ճարտարապետական հուշարձանները, հայտնում է Коммерсант-ը։

 

Գրոհայինների առաջնորդների կարծիքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող դամբարանները տհաճ են Ալլահին։


«Ոչ մի դամբարան Տիմբուկտուում չի մնա։ Մենք բոլորը հողին կհավասարեցնենք, չէ՞ որ Ալլահը չի հավանում դրանք»,- ասել է «Անսար ադ- Դին» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Դարդարը։

 

Ականատեսների վկայությամբ՝ կիրակի իսլամիստների ամբոխն «Ալլահ աքբար» բացականչություններով և մուրճերով հիմնահատակ ոչնչացրել են քաղաքի դամբարաններից մեկը։ Հերթում են գտնվում յուրահատուկ ճարտարապետական հուշարձանները։

 

Փորձագետները նշում են, որ վանդալիզմի նոր ալիքը հաջորդել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը՝ Մալիում 2013թ. սեպտեմբերին աֆրիկյան խաղաղապահ ուժեր տեղակայելու վերաբերյալ։

Դիտորդները նշում են, որ միջազգային հանրությունը պետք է շտապի, եթե ցանկանում է պահպանել Տիմբուկտուի բացառիկ ճարտարապետությունը։ Հակառակ դեպքում մարդկությունը կկորցնի ևս մեկ դրվագ իր պատմությունից։ Ինչպես պատահեց դա աֆղանական Բամիանում, որտեղ 2001թ. թալիբները ոչնչացրեցին Բուդդայի հսկայական արձանները։