Ամեն տոն ինքնամաքրման մի ճանապարհ է. Լուսիկ Ագուլեցի

14:30 • 24.12.12

Ամեն տոն ու ծես ազգային-ժողովրդական հարուստ մշակույթ է ներկայացնում, մարդն ինքնամաքրման է գնում` և՛ հոգևոր աշխարհով, և՛ կենցաղով: Հիմա միայն խրախճանքի վրա է հիմնված Ամանորը: Խոսելով Ամանորի մասին` այսօր հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին:

«Մի ժամանակ մարդիկ պաս էին պահում, իսկ հիմա ամբողջը կենտրոնացված է խրախճանքի վրա: Մոռացել ենք վեց օրվա խորհուրդը, որին հաջորդել է Քրիստոսի ծնունդը: Արևելյան Հայաստանում տոնածառ չի դրվել, իսկ Արևմտյան Հայաստանում ունեցել ենք ծիսական ծառ, երբ գաթա են թխել, վրան ծառի ճյուղ ու մազ կապել»,- ասաց Լուսիկ Ագուլեցին:

Նկարչուհին պատմեց, որ հայերն ունեցել են երեք նոր տարի` Հին նոր տարին, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի 18-րդ դարում հունվարին ներմուծված Ամանորը և 20-ականներին օգտագործվող Նոր տարին: 
Ասուլիսին ներկա Տեր Բաբկեն քահանան ներկայացրեց, որ օգոստոսին նոր տարին նշելը պայմանավորված է եղել Հայկի` Բելի նկատմամբ տարած հաղթանակով:

«Նոր տարին իր մեջ խորհուրդ ունի, որովհետև, ըստ ավանդության, երբ Բաբելոնում ազգերը բաժանվեցին և 72 ազգերից ամեն մեկին իր տեղը հասավ և երբ Հայկ նահապետը օգոստոսի 11-ին սպանեց Բելին, այդ օրը դարձավ Նոր տարվա տոն»,- ասաց քահանան:

Նկարչուհու խոսքով Ամանորը կին է, կենաց ծառ է, ով Վանատուր աստծո կինն է եղել։ Վանատուրը հյուրընկալության աստվածն է եղել: Եվ նրանց սիրո առաջին խոստովանությունը եղել է խնձոր տալը և շատ հաճախ Ամանորի օրն էլ տոնածառը զարդարել են կարմիր խնձորով:

«Բայց այդ բոլոր մասունքները մենք չենք կարողանում պահպանել: Հայ մնալը բոլորին տրված չէ, դա աստվածային հատկություն է, և մենք ավելի շատ գնում ենք խրախճանքի և ոչ թե ազգային գաղափարախոսության»,- ասաց Լուսիկ Ագուլեցին:

Նկարչուհին պատմեց, որ իր տան տոնական ծառն այս տարի ձևավորել է ավելից, որը կնոջ խորհրդանիշն է:

«Ամանորի խորհրդանիշներից մենք ունենք Բորեաս սառցե մարդ, հզոր, տիեզերական Ժուկով-ժամանակով ծերունին, ով սարի գլխին նստած գիշեր-ցերեկ է անում։ Արևմտյան Հայաստանում շատ տեղերում Ձմեռ պապին կոչել են Խլվլիկ, Կաղանդ պապ, ով Նոր տարվա նվերի խորհրդանիշն է եղել»,- ասաց նա։

Կորցնել ավանդույթները, նկարչուհին, պարզապես դավաճանություն է համարում: Իսկ ամանորյա տոնական ուտեստներով հայկական սեղանները հարուստ չեն եղել, քանի որ մինչև Սուրբ Ծնունդ պահք են պահել, իսկ հունվարի վեցին սեղաններին մատուցել են տարբեր տեսակի կանաչեղեն, եփել են այդ օրվա խորհուրդ հանդիսացող նվիկ կանաչին: