Ամերիկացիները ցանկանում են Պուտինին ներառել «Մագնիտսկու ցուցակում»

09:37 • 24.12.12

Ամերիկացիները խնդրել են «Մագնիտսկու ցուցակում» ներառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նման խնդրագիր է ներկայացվել Սպիտակ տան կայքում, տեղեկացնում է Газета-ն։


«Այն բանից հետո, երբ Դաշնային խորհուրդը կհաստատի «հակամագնիտսկու օրենքը» («Դիմա Յակովլևի ցուցակը»-Tert.am), այն պետք է ստորագրի Ռուսաստանի նախագահը։ Մենք խնդրում ենք Բարաք Օբամային՝ Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանել»,-ասված է դիմումի տեքստում։

 

Այս պահին խնդրագիրը ստորագրել է 2.045 մարդ։ Որպեսզի խնդրագիրն ուսումնասիրվի, պետք է հավաքել 25.000 ստորագրություն։


Նախօրեին ամերիկացիներն արդեն հավաքել են անհրաժեշտ թվով ստորագրություններ՝ պահանջելով «Մագնիտսկու ցուցակում» ներառել Ռուսաստանի Պետդումայի անդամներին։

 

Տեղեկացնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Սենատի վերին պալատն ընդունել է այսպես կոչված «Մագնիտսկու օրենքը» (կամ «Մագնիտսկու ցուցակ»), որը նախատեսում է վիզային և տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի այն պաշտոնյաների դեմ, ովքեր մեղավոր են Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան և մարդու իրավունքների խախտման մեջ:

Դրան ի պատասխան Պետդուման ընդունել է «Դիմա Յակովլևի ցուցակը», որն արգելում է ամերիկացիներին ռուս երեխաներ որդեգրել։