Հազարավոր մարդիկ են հավաքվել Բեթղեհեմում՝ Սբ Ծննդին ընդառաջ
Հազարավոր պաղեստինցիներ ու զբոսաշրջիկներ են հավաքվել Արևմտյան ափի Բեթղեհեմ քաղաքի այն վայրում, որտեղ, ըստ հավատացյալների, ծնվել է Հիսուս Քրիստոսը, հայտնում է Courier Mail-ը:
Այս տարվա Սբ Ծննդի տոնակատարությունն առանձնահատուկ է շատ պաղեստինցիների համար, քանի որ այժմ նրանց երկիրն այլ կարգավիճակ ունի աշխարհում. անցած ամիս ՄԱԿ-ը Պաղեստինին ոչ անդամ դիտորդ երկրի կարգավիճակ էր շնորհել: Իսկ այս տարվա սկզբին Բեթղեհեմի Սբ Ծննդի եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս էր ճանաչվել:
Այսօր՝ ավելի ուշ, լատին եկեղեցու առաջնորդ պատրիարք Ֆուադ Թուալը կառաջնորդի ավանդական երթը Բեթղեհեմում: Նրանց կուղեկցեն երաժիշտներ ու սկաուտներ։ Նախատեսվում է, որ երթին կմիանան հազարավոր զբոսաշրջիկներ:
Շքերթը կավարտվի Մանգերի հրապարակում՝ Սբ Ծննդի եկեղեցու առաջ, որը կառուցվել է այն վայրում, որտեղ, ըստ ավանդության, ծնվել է Քրիստոսը: Կեսգիշերին ժամերգություն է սպասվում, որն ավանդաբար այցելում են Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն ու վարչապետ Սալամ Ֆայյադը:










