Նյու Դելիում զանգվածային ցույցի հետևանքով 1 օրում 143 մարդ է տուժել
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում դեկտեմբերի 23-ին բողոքի զանգվածային ակցիա է անցկացվել, ինչի հետևանքով 143 մարդ է տուժել, որից 78-ը՝ իրավապահներ, հայտնում է Лента–ն՝ հղում անելով The Hindustan Times-ին։
Ցուցարարներին ցրելու համար իրավապահները կրակել են նրանց ուղղությամբ, ինչպես նաև կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենա։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 23-ի առավոտյան, ոստիկանությունն արգելել է մայրաքաղաքի կենտրոնում զանգվածային բողոքի ակցիա կազմակերպել՝ արգելափակելով ցուցարարների շարժը դեպի կառավարական շենքեր։ Սակայն երեկոյան ցուցարարներին վերջիվերջո հաջողվել է ներխուժել քաղաքի կենտրոն, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել իրավապահների հետ բախումը։
Նման զանգվածային բողոքի ակցիայի պատճառ է հանդիսացել 23-ամյա հնդկուհու՝ ավտոբուսում զանգվածային բռնաբարության դեպքը։ Արդեն 6 օր շարունակվող ցույցի մասնակիցներն իշխանություններից պահանջում են մահապատժի ենթարկել աղջկան բռնաբարած 6 տղամարդուն և Հնդկաստանի բոլոր քաղաքներում ապահովել կանանց անվտանգությունը։










