Չինաստանի ՀՀ դեսպանությունում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառում է կայացել

11:57 • 24.12.12

Դեկտեմբերի 21-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված հոբելյանական ծրարների և դրանց վրա փակցված` երկու երկրների նամականիշերի մարման հանդիսավոր արարողություն, որի համար օգտագործվել են հատուկ այդ առիթով պատրաստված դրոշմակնիքներ:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը,մարումն իրականացրել են ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը և ՉԺՀ ԱԳՆ-ին առընթեր ֆիլատելիստների ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Մա Սյաոլինը: Արարողությանը ներկա են եղել նաև չինական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:


ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ մշակված ծրարների վրա Արարատ լեռան ներքո պատկերված են ՀՀ և ՉԺՀ պետական դրոշները, Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և Պեկինի «Երկնքի Տաճարը»: Հայկական կողմի դրոշմակնիքի վրա պատկերված է Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի շենքը: