Ցուցահանդես՝ նվիրված Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին

17:50 • 24.12.12

Հայաստանի նկարիչների միությունում այսօր տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը, որին ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, տեղեկանում ենք Կրթության և գիտության նախարարության կայքից։


Նախարարը նշել է, որ Մանկավարժական համալսարանը Հայաստանի կարևոր մշակութային կրթության կենտրոններից է:
«Մենք այսօր շատ ենք խոսում գիտելիքի արժևորման, գիտելիքահեն հասարակության մասին: Գիտելիքը, եթե չի հիմնվում արժեքների վրա, մերկ է և բոբիկ: Իսկ արժեքը ստեղծվում է մշակութային և հոգևոր գործունեության շնորհիվ»,– ասել է նա:


«Մշակույթը և կրթությունը նույն շքանշանի տարբեր կողմերն են: Դժվար է տարանջատել գիտելիքն ու արժեքը, մշակույթն ու կրթությունը՝ դրանք փոխլրացնում են միմյանց»,- ավելացրել է նախարարը։


Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսք է ասել նաև ժողովրդական նկարիչ Լևոն Կոջոյանը՝ շեշտելով, որ ավանդույթները պահպանելը՝ աշակերտի կողմից վարպետի գործը շարունակելը կարևոր առաքելություն է:


«Մեր երկիրը հարուստ է տաղանդավոր երիտասարդներով, աշխատեք, ստեղծեք և արարեք. դա մեր հարստությունն է»,- նշել է վարպետը:


Ցուցահանդեսում ներկայացվել են Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի նկարչական բաժնի հիմնադիրների, դասախոսների, շրջանավարտների եւ ուսանողների աշխատանքները:


Ցուցահանդեսի երկու հարկաբաժիններում ներկայացվել է գեղանկար, գրաֆիկա, քանդակ, գոբելեն, դեկորատիվ կիրառական արվեստի, հագուստի մոդելավորման, դիզայնի, խեցեգործության նմուշներ, փայտյա իրեր և մետաղյա զարդեր՝ ընդհանուր առմամբ մոտ 300 աշխատանք:


Ի թիվս աշխատանքների՝ ներկայացված են հայտնի նկարիչներ Լևոն Կոջոյանի, Կարապետ Մինասյանի, Հովհաննես Զարդարյանի, Ղուկաս Չուբարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Հովհաննես Հարությունյանի, Վահրամ Խաչիկյանի, Սուրեն Սաֆարյանի, Տիգրան Սիմոնյանի ստեղծագործությունները: