ԱՄՆ-ում սենատորը ձերբակալվել է՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար
Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է հանրապետական սենատոր Մայքլ Կրապոյին՝ Այդահո նահանգից, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։ Նա մեղադրվում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ։
«Նա կարմիր լույսի տակով է անցել, որից հետո իրավապահները կանգնեցրել են իրավախախտին»,- հայտնել են ոստիկանությունից՝ հավելելով, որ մեքենան կանգնեցնելուց հետո պարզվել է, որ պաշտոնյան եղել է ոչ սթափ վիճակում։
«Ես խորապես ցավում եմ կատարվածի համար։ Ես սխալ եմ թույլ տվել, որի համար ներողություն եմ խնդրում իմ ընտանիքից ու ընտրողներից»,- ասվում է սենատորի հայտարարության մեջ։
Նա խոստացել է, որ նման բան այլևս չի կրկնվի։
Համաձայն ամերիկյան օրենքների՝ առաջին անգամ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար վարորդը կտուգանվի 300 դոլարի չափով։ Նա նաև կես տարով կզրկվի վարորդական իրավունքից։










